Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար

19.01.2024, 09:43
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը Վիեննայից։

Ինչպես նշվում է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ, արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի տպավորիչ կենսագրություն, նաև որպես ջութակահար. անցյալ տարի նա Ռիկարդո Շայիի հետ բացեց Լա Սկալա թատրոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը:

 Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995թ․–ին Վիեննայում՝ երաժիշտների ընտանիքում։ Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։

Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։ 2014 թվականին ավարտել է Վիեննայի Sacred Heart վարժարանը։

Էմանուել Ճգնավորյանը դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է։-0-