Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

30.11.2015, 10:57
89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը։
Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը։ Այդ մասին ՏԱՍՍ–ին հայտնել են ռեժիսորի ընտանիքի անդամները։

 «Ցավոք, մենք պաշտոնապես հաստատում ենք այդ տեղեկությունը», – ասել է գործակալության զրուցակիցը։

Էլդար Ռյազանովը նոյեմբերի 21–ին տեղափոխվել էր հիվանդանոց։ Մինչ այդ նա բուժում էր ստացել հոկտեմբերին և սեպտեմբերին։ Օգոստոսին Ռյազանովն անոթների պրոֆիլակտիկ մաքրման պրոցեդուրա էր անցել։

Նախորդ տարվա նոյեմբերին Ռյազանովը տեղափոխվել էր Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք` «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ և մի քանի ամիս բուժվում էր հիվանդանոցում։

Էլդար Ռյազանովը նկարահանել է շուրջ 30 ֆիլմեր, և դրանցից գրեթե յուրաքանչյուրը կինոհիթ է դարձել։ Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերն են «Կարնավալային գիշերը», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար»։–0–