Շերը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելուց հետո. «Էրդողա՛ն փաշա, այլևս երբեք»

23.10.2016, 12:25
Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը դիտելուց հետո։
Շերը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելուց հետո. «Էրդողա՛ն փաշա, այլևս երբեք»

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) կոչով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը դիտելուց հետո։ 

«Գիշերը դիտեցի «Խոստում» ֆիլմը։ Այն իրական պատմություն է այն մասին, թե ինչպես են թուրքերը 1915 թ.–ին ոչնչացրել մեկուկես միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլևս երբեք», – գրել է Շերը Twitter–ի իր էջում։

Ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին հավակնող «Խոստում» դրամայի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից նախորդ տարի:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-