Երվանդ Քոչարի ստեղծագործությունների անհետացման լուրերի հետքերով․ ՔԿ–ից հաստատեցին, որ քրվարույթ է նախաձեռնվել
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան, հայտնեց, որ Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աբրահամյանը, մասնավորապես, հայտնեց, որ Ռուբեն Քոչարից հաղորդում է ստացված եղել առ այն, որ 1987թ. «Երվանդ Քոչար» թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023թ. դեկտեմբերին նշված մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է։
«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելը ) հատկանիշներով, որով նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մշակութային արժեքների հնարավոր կորստի, դրանց հնարավոր վաճառքի հանգամանքները։ Քրեաիրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով քննությամբ ձեռք բերվելիք փաստական տվյալների համադրման արդյունքներից», – նշվում է Աբրահամյանի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՔՈՉԱՐ» մշակութային հիմնադրամը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Թանգարանից հերքում են այս տեղեկությունները՝ նշելով, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է։
Քոչարի ստեղծագործությունների անհետացման թեմային այսօր անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Տեղեկություններ էին ներկայացվել նաև նախարարություն, մենք դիմել ենք նաև իրավապահ մարմիններ, քրեական գործ է հարուցված։ Մենք տեղեկացվել ենք, ինքներս ունենք մոնիտորինգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար գույքագրել և հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշների և դրանց հետ կապված իրավիճակը։ Այս ահազանգը կոնկրետ հնչել է հիմնադրամի կողմից, մենք դրան պատշաճ ընթացք ենք տվել»,- նշել է Անդրեասյանը։