36–ամյա տղամարդը տանը պատրաստել, շշալցրել ու իրացրել է օղի, կոնյակ ու տարբեր խմիչքներ (ՎԻԴԵՈ)

21.12.2024, 19:22
Տանը հայտնաբերվել է տարբեր տեսակի 45 լիտր օղի, 30 շիշ կոնյակ, 28 շիշ օղի, 14 , շիշ լիկյոր, 25 լիտր կոնյակ․ ՎԻԴԵՈ
36–ամյա տղամարդը տանը պատրաստել, շշալցրել ու իրացրել է օղի, կոնյակ ու տարբեր խմիչքներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, որ չունի համապատասխան թույտվություն, սակայն ապօրինի եղանակով շշալցրել, պիտակավորել և իրացրել է տարբեր տեսակի խմիչք:

Ստուգման ընթացքում ոստիկանները խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են շշալցված օղի, կոնյակ, գունավոր խմիչք, նաև պլաստմասե տարաներով օղի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ գյումրեցի տղամարդու տանը հայտնաբերվել և վերցվել է տարբեր տարողությամբ ու տարբեր տեսակի 30 շիշ կոնյակ, 28 շիշ օղի, 14 շիշ լիկյոր, պլաստմասե տարաներում լցված 45 լիտր օղի և 25 լիտր կոնյակ, լիկյորի պատրաստելու համար նախատեսված 4 լիտր հեղուկ, կոնյակի համար նախատեսված տարաներ, ակցիզներ և խցաններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: