Քոչարի անհետացած նկարների շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում. նկարչի որդին` ընտանեկան կոնֆլիկտի, կեղծիքների և հետաքննության մասին

20.11.2024, 15:36
Քոչարի անհետացած նկարների շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում․ Ռուբեն Քոչարը ներկայացրել է անհետացմանը նախորդած որոշ փաստեր
Քոչարի անհետացած նկարների շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում. նկարչի որդին` ընտանեկան կոնֆլիկտի, կեղծիքների և հետաքննության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի անհետացած ստեղծագործությունների շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում։ Նրա որդին՝ Ռուբեն Քոչարը ներկայացրել է անհետացմանը նախորդած որոշ փաստեր և պատմել ամիսներ շարունակ հետաքննության անգործության մասին։

Երեկ Քոչար մշակութային հիմնադրամը հայտարարություն տարածեց, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ նաև Երվանդ Քոչարի թանգարանը՝ պահանջելով լրատվամիջոցներից հերքել Քոչարի ստեղծագործությունների անհետացման մասին լուրը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան, հայտնեց, որ Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քոչարի ստեղծագործությունների անհետացման թեմային անդրադարձել էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կար հարուցված քրեական գործ։

Ռուբեն Քոչարն այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ երբ իր մայրը ստեղծել էր թանգարանը՝ ի պատիվ իր հոր, ինքը՝ որպես ժառանգորդ և իրավահաջորդ, 21 ստեղծագործություն հավատարմագրով փոխանցեց թանգարանին, բայց միևնույն ժամանակ պահպանեց սեփականության իրավունքը։ Նա հայտնեց, որ քանի որ ինքը և իր եղբայրները, լինելով ստեղծագործ անձնավորություններ, զբաղվել են իրենց գործով, ղեկավարությունը փոխանցվել է ընտանիքի հարսին՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարին։

Ռուբեն Քոչարը հայտնել է, որ երբ վերադարձել է Հայաստան, Մարտիրոսյան-Քոչարն իրեն սառն է ընդունել և հրաժարվել է ճանաչել իր իրավունքները, բայց «լավ է, որ ունեի փաստաթղթեր»։ Նա տեղեկացրել է, որ հոր 125-ամյակի առթիվ նա ցանկացել է Հայաստանից դուրս հանել Երվանդ Քոչարի գործերը, որոնք իր սեփականությունն էին հանդիսանում։

Թանգարանը հասանելիություն չի տրամադրում 7 ստեղծագործության և հրաժարվում է հրապարակել դրանց գտնվելու վայրը, ինչի արդյունքում Քոչարը դիմել է իրավապահ մարմիններին, որոնք, ըստ նրա, 9 ամիս ոչինչ չեն արել։ Ավելին, նա նշել է, որ պարզվել է՝ նկարներից մեկը Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանին է նվիրել ֆիզիկական անձ Էմիլ Սարգսյանը, ում որդին հրաժարվում է ասել, թե ինչ գումարով և որտեղից է ձեռք բերել նկարը։

«Երբ զանգում ես նրանց և հարցնում, թե ինչու է գործը սառեցված, նրանք պատասխանում են, որ էական հանգամանքներ են փնտրում։ Ինչպե՞ս են փնտրում, եթե «Հետքը» մեկ ամսում կարողացել է հետք գտնել ու պարզել, որ գործերից մեկը Մոսկվայում է»,- ասում է Քոչարը։

Բացի այդ, Քոչարն ասաց, որ մեծ կասկածներ կան թանգարանում ցուցադրված որոշ նկարների, մասնավորապես՝ Քոչարի ինքնանկարի իսկության վերաբերյալ։ Նկարչի որդին հայտնել է, որ այս ամբողջ պատմությունը ազգային ժառանգության անհետացման մասին է, և որ ինքը չի պատրաստվում վաճառել այդ նկարներից որևէ մեկը։

Միևնույն ժամանակ նկարչի որդին զարմացած է իրավապահ մարմինների և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ընդհանրապես նախարարության վերաբերմունքից այս խնդրի վերաբերյալ։ Այս առնչությամբ Քոչարի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ «այս ամենն ամենաբարձր մակարդակի հովանավորներ ունի»։

Քոչարի որդին նաև մատնանշել է, որ հոր գործերը ներառված են արժեքավոր իրերի ցանկում, որոնք առանց պետության թույլտվության հնարավոր չէ դուրս բերել երկրից։

Մեկնաբանելով թանգարանի երեկվա հայտարարությունը, թե աշխատանքները չեն անհետացել, նա ասաց, որ եթե իրեն ցույց տան նկարները, պատրաստ է ներողություն խնդրել։