Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

07.04.2017, 14:57
Օսկարակիր դերասան, բարերար Ջորջ Քլունին ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային:
Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Օսկարակիր դերասան, բարերար Ջորջ Քլունին ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային:

Այդ մասին իր Twitter-ում հայտնել է հանրաճանաչ ամերիկացի վոկալիստ, ալտ և հարդ ռոքի աստղ Քրիս Քորնելը, ով գրել և կատարել է ֆիլմի սաունդթրեքը:

Նախորդ տարի Քլունին այցելել էր Հայաստան` մասնակցելու միջազգային Aurora Prize մարդասիրական մրցանակի հանձնման արարողությանը: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա նշել է, որ սպասում է Քրիստիան Բեյլի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի դուրս գալուն: Քլունին նաև հայտնի է նրանով, որ վաղուց է հետաքրքրվում Հայոցցեղասպանության թեմայով և մասնակցում է դրա քննարկումներին:

Ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ անձինք, ինչպիսիք են երգչուհիներ և դերասանուհիներ Շերը և Բարբարա Սթրեյզանդը, երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, դերասան և պրոդյուսեր Սիլվեստեր Ստալոնեն, թենիսիստ և բարերար Անդրե Աղասին:

«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին: 

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն: 

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը: 

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը: 

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-