Երևանում մի խումբ երեխաներ ճանապարհն անցնում են՝ վտանգելով իրենց կյանքը․ քաղաքապետարանից պարզաբանել են իրավիճակը (ՎԻԴԵՈ)

16.07.2025, 11:18
Խախտում, որը կարող էր աղետով ավարտվել․ Երևանում մի խումբ երեխաներ ճանապարհն անցնում են՝ վտանգելով իրենց կյանքը․ ՎԻԴԵՈ
Երևանում մի խումբ երեխաներ ճանապարհն անցնում են՝ վտանգելով իրենց կյանքը․ քաղաքապետարանից պարզաբանել են իրավիճակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են երեխաներն անցնում ճանապարհը՝ վտանգելով սեփական կյանքը։ 

«Այսօր համացանցում, ավագանու իմ գործընկեր Հովսեփ Կուբաթյանի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխաների մի խումբ ուղեկցող անձի ուղեկցությամբ անցնում ճանապարհը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։ 

Այս կապակցությամբ նա տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը օպերատիվ կերպով իրականացրել է պարզման աշխատանքներ, և հաստատվել է, որ նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ։ 

Նախնական տվյալներով, խոսքը մասնավոր զարգացման կենտրոնի սաների մասին է։ 

«Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու ենք ԿԳՄՍ նախարարության հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով։ Միաժամանակ դիմելու ենք ՀՀ Պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ», – նշել է Հովհաննիսյանը։