Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից

16.05.2022, 12:11
Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից
Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի ժյուրիի քվեարկության ժամանակ Եվրոպական հեռարձակողների միությունը (European Broadcasting Union - EBU) հրապարակել է հայտարարություն` նշելով, որ վեց երկրների ազգային ժյուրիները երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ հեռացվել են մրցույթից, հաղորդում է urovision-contest.ru–ն։

Դրանք փոխարինվել են ագրեգացված արդյունքներով, որոնք հիմնված են քվեարկության նմանատիպ մոդելներ ունեցող երկրների վրա ինչպես երկրորդ կիսաեզրափակչում, այնպես էլ եզրափակչում։

Վեց ազգային ժյուրիները, որոնք հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից, հետևյալ երկրներից են` Ադրբեջան, Վրաստան, Չեռնոգորիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո։

EBU–ի ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ժյուրիի քվեարկությունը վերլուծելիս «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի երկրորդ կիսազրափակչի երկրորդ գլխավոր փորձից հետո վեց երկրների արդյունքներում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) քվեարկության համաեվրոպական գործընկերոջ կողմից հայտնաբերվել են քվեարկության սխալ սխեմաներ։

Մրցույթի քվեարկության հրահանգին համապատասխանելու համար EBU–ն աշխատել է քվեարկության գործընկերոջ հետ, որպեսզի հաշվարկի փոխարինող համախառն արդյունքը յուրաքանչյուր երկրի համար ինչպես երկրորդ կիսաեզրափակչի, այնպես էլ եզրափակչի համար (հաշվարկվում է նմանատիպ քվեարկությամբ այլ երկրների արդյունքների հիման վրա)։

Այս գործընթացն ընդունվել է քվեարկության անկախ դիտորդի կողմից։

EBU–ն չափազանց լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ» երգի մրցույթում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած փորձերին և իրավունք ունի հետ կանչել նմանատիպ ձայները` Քվեարկության պաշտոնական հրահանգներին համապատասխան` անկախ նրանից, թե այդ ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների և/կամ ելքի վրա»։

Իտալիայի Թուրին քաղաքում մայիսի 14–ին անցկացվեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինան` 631 միավորով։ Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան` 466 միավոր, երրորդը` Իսպանիան` 459 միավոր։ Հայաստանը զբաղեցրեց 20–րդ տեղը։ Այս տարի մեր երկիրը ներկայացրեց երգչուհի Ռոզա Լին։

Մրցույթի հաղթողը վերջնականապես որոշվեց ժյուրիի և հանդիսատեսի SMS քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ։

Եզրափակչին մասնակցեց 25 երգիչ և երաժշտական կոլեկտիվ։–0–