Վանեցյան. Սանասարյանին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են

26.04.2019, 20:32
Սանասարյանին ապրիլի 18–ին մեղադրանք է առաջադրվել:
Վանեցյան. Սանասարյանին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքներն այս պահին ամբողջությամբ հիմնավոր են, ուրբաթ լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Սանասարյանին ապրիլի 18–ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա պաշտոնավարումն այդ պաշտոնում ժամանակավոր դադարեցվել են։ Ինքը` Սանասարյանը, այս կապակցությամբ ասել է, որ իր վրա պարզապես «գործ են սարքում»։

«2018 թվականի ապրիլի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում չի եղել մի դեպք, որ «գործ սարքեն»։ Մենք իրավական պետություն ենք կառուցում, ԱԱԾ–ն այդ գործընթացում առանցքային դեր է խաղում։ Սանասարյանին առաջադրած մեղադրանքն ամբողջովին հիմնավորված է ցուցմունքներով և առերեսումներով»,– ասաց Վանեցյանը։

Նա միաժամանակ կոչ արեց չխախտել անմեղության կանխավարկածը և սպասել գործը դատարան ուղղելուն։

«Այնտեղ հասարակայնությունը հնարավորություն կունենա ծանոթանալ բոլոր ապացույցներին, որոնք ստացվել են քրեական գործով նախաքննության ընթացքում»,– ասաց Վանեցյանը։-0-