Ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կբարձրանա 7–10 աստիճանով․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մարտի 13–ի լույս 14–ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում, մարտի 15–ից 16–ը ընկած ժամանակահատվածում գրեթե հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային և նախալեռնային գոտիներում` ձնախառն անձրև և անձրև», – նշել է Սուրենյանը։
Մարտի 15–ից 16–ը ընկած ժամանակահատվածում Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի` ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ։
«Այնպես որ մարտի 15–ից 16 ընկած ժամանակահատվածում վարորդներին կոչ ենք անում նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 14–ից 16 ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7–ից 10 աստիճանով», – նշել է Սուրենյանը։

