Ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը

23.10.2025, 21:58
Ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական  փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում
Ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ և ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։ 

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ 

Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։