Վրաստանում պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում է հայտարարվել. Սահակաշվիլի

08.08.2008, 15:00
Վրաստանում պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում է հայտարարվել. Սահակաշվիլի

Վրաստանում, օգոստոսի 8-ի առավոտյան հայտարարվել է պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում։ Այս մասին առավոտյան վրացական հեռուստաընկերության եթերի հատուկ ուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վրաստանում հայտարարվել է և շարունակվում է պահուստային ուժերի համընդհանուր կենտրոնացում», - ասել է Սահակաշվիլին։

Պահուստային ուժերի նախապատրաստման ընթացքում վերջին տարիներին ուսուցանվել է և պահուստում է գրանցվել ավելի քան 100 հազ. մարդ։ Նախապատրաստում են անցել 25-45 տարեկան անձինք։

Վրաստանի ՆԳՆ-ի վերլուծական վարչության պետ Շոթա Ուտիաշվիլին «Նովոստի-Գրուզիա» գործակալության հետ զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վրաստանում համընդհանուր մոբիլիզացում չի հայտարարվել։

«Կան ցանկացողներ, կամավորներ, նրանք Վրաստանի ողջ տարածքից ինքնակամ գալիս են զինկոմիսարիատներ և խնդրում անհրաժեշտության դեպքում իրենց ներառել գործողությունների մեջ», - տեղեկացրել է Ուտիաշվիլին։

Նրա խոսքերով, «իրավիճակը Ցխինվալիի տարածքում մնում է լարված»։

«Զոհերի և տուժածների մասին հստակ տեղեկատվություն չկա, այն ճշտվում է », - ասել է Ուտիաշվիլին։-0-