Ռուսաստանն իր որոշումները չի փաթաթում ԱՊՀ մյուս երկրներին. Լավրով

23.01.2008, 17:00
Ռուսաստանն իր որոշումները չի փաթաթում ԱՊՀ մյուս երկրներին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուասստանը չի չարաշահի ԱՊՀ-ում ունեցած իր կշիռը և իր որոշումները չի փաթաթի ԱՊՀ մյուս երկրներին, Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի առաջատար դերն այն չէ, որ մենք հարկադրել ենք այդպես մեզ վերաբերվել։ Ցանկացած ինտեգրված միության մեջ առավել խոշոր տնտեսությունը միշտ էլ մեծ ձայն ունի գործնական հարցերի լուծման մեջ, բայց մենք չենք չարաշահի մեր կշիռը և միայն այնպիսի որոշումներ կկայացնենք, որոնք հոժար կամքով կընդունեն մեր գործընկերները»,- ասաց Լավրովը։

Ռուս նախարարի խոսքերով, ներկայումս «ազդեցության ոլորտների» մասին խոսելն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ դա «սառը պատերազմի» ժամանակների տերմինաբանություն է։

«Մենք չենք թաքցնում հետխորհրդային տարածքում ունեցած մեր շահերը, և այդ շահերը մենք մտադիր ենք իրագործել ԱՊՀ բոլոր երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու ճանապարհով»,- ավելացրեց Լավրովը։--0—