ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զբոսաշրջիկներին հորդորում է եղանակի կանխատեսումներին հետևել պաշտոնական աղբյուրներով

18.07.2026, 13:06
Հիդրոօդերևութաբանության կենտրոնի կարևոր հորդորը զբոսաշրջային գոտիներ մեկնողներին
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զբոսաշրջիկներին  հորդորում է եղանակի կանխատեսումներին հետևել պաշտոնական աղբյուրներով

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.    Թեև տարբեր բջջային հավելվածները Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար հաճախ անձրև են կանխատեսում, ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը տեղումներ չի կանխատեսում։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը բացատրել է, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը և ներկայացրել առավել ճշգրիտ տվյալներ ստանալու տարբերակները:

«Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում»,-նշվում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն՝ Լևոն Ազիզյանի Facebook-յան գրառման մեջ։

Նրա խոսքով, այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։

Ազիզյանը նշում է, որ Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։

«Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։ Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am»,-եզրափակել է Ազիզյանը։