Ինչպե՞ս գրանցվել «TRACES» համակարգում. ՍԱՏՄ-ն հրապարակել է ձկնամթերքի արտահանման նոր կարգը

18.07.2026, 09:56
Կառավարությունը հաստատել է դեպի ԵՄ ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը
Ինչպե՞ս գրանցվել «TRACES» համակարգում. ՍԱՏՄ-ն հրապարակել է ձկնամթերքի արտահանման նոր կարգը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ «TRACES» համակարգում գրանցման կարգը։

Այս մասին հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «TRACES» (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։

Գրանցվելու համար անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ [email protected] կամ [email protected] հասցեներով, կամ թղթային տարբերակով)։

 

ՍԱՏՄ-ն նշում է, որ գործընթացը տևում է մինչև 5 աշխատանքային օր՝ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով։

Ստուգում և նմուշառում տնտեսվարողի մոտ գործընթացը տևում է 10-15 աշխատանքային օր՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։

Գրանցումը կատարվում է, երբ համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։

Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում՝ snund.am , հետևյալ հղումով՝ https://snund.am/hy/page/news/2359/74։