Գագիկ Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը բողոքարկել է նրան 2 ամսով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Պաշտպանական կողմը վիճարկում է առաջին ատյանի դատարանի հետևությունները, այդ թվում՝ հիմնավոր կասկածի առկայությունը և ընտրված խափանման միջոցի օրինականությունը։ Բացի այդ, փաստաբանները պնդում են Ծառուկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։
Հուլիսի 7-ին դատարանը 2 ամսով կալանավորել է «Մուլտի Գրուպ»-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Ծառուկյանին։ Նա անցնում է խոշոր չափերի խարդախության ու փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի վերաբերյալ քրեական վարույթներով։
Ծառուկյանի ձեռնարկությունների մասին
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ հոլդինգի կազմի մեջ մտնող շուրջ 70 ձեռնարկությունների գործունեության կասեցման մասին։ Իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հաստատում չի եղել։ Ծառուկյանի՝ կապարակնքված մի քանի ձեռնարկությունների աշխատակիցներ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վերսկսել օբյեկտների աշխատանքը։
Բացի այդ, անցյալ շաբաթ մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը, որը վերսկսել է աշխատանքը հուլիսի 10-ին։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանությունը ՀՀ-ին հանձնելու մասին միջնորդությունը։

