Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ 9-րդ գումարման նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
Փակ քվեարկությամբ տեղի ունեցած ընտրությամբ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 63 և դեմ ՝ 28։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ խմբակցությունը միաձայն կքվեարկի Ռուբինյանի թեկնածության օգտին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել: Մեկ այլ ընդդիմադիր՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը:
Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թ.-ի մարտի 8-ին Երևանում։ 2010 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանական քոլեջում (2011 թ․) և Լեհաստանի Յագելոնյան համալսարանում։ 2012-2014 թթ․ ծառայել է բանակում։ 2015-2016 թթ․ աշխատել է AraratNews լրատվական կայքում։ 2017-2018 թթ․ հետազոտական աշխատանք է իրականացրել Ստամբուլում։ 2018-2019 թթ․ զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, 2018 թ.-ի դեկտեմբերից երեք անգամ ընտրվել է պատգամավոր և զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ 2022-2026 թթ․ եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ 2025 թ.-ից հանդիսանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

