Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Կոնջորյան
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանն անդրադարձել է «Հայփոստի» տնօրենի պաշտոնում իր կնոջ աշխատավարձի վերաբերյալ ընդդիմության ներկայացուցչի հարցին։
«Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Երբևէ «Հայփոստի» պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը», - ասաց Կոնջորյանը Աժ ամբիոնից ելույթի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ իր կինը «Հայփոստի» տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի շարունակ աշխատել է «Հայփոստ» ընկերությունում և եղել է վարչության ղեկավար։
«Հետո եղել է մրցույթ, և իմ կինը, մասնակցելով մրցույթին, ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն մրցութային խորհրդի կողմից։ Այդ մրցությային խորհրդի մեջ, բնականաբար, ես չկամ և չեմ կարող լինել», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ «Հայփոստի» նախորդող ժամանակաշրջաններում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան այսօր ստանում է «Հայփոստի» տնօրենը։
Ավելի վաղ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024թ.-ի նոյեմբերին դարձել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։
«Ազատություն»-ը նշել է, որ, ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։

