Քույր եկեղեցիներն արձագանքել են և իրենց զորակցությունը հայտնել մեր Սուրբ Եկեղեցուն. Կաթողիկոսը՝ եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին

02.06.2026, 18:46
Քույր եկեղեցիներն ու եկեղեցական կառույցները պատշաճ կերպով արձագանքել են և իրենց զորակցությունը հայտնել հայոց եկեղեցուն, հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է եղել արձագանքը, երբ եկեղեցու նկատմամբ ուժգնացել են ճնշումներ և սկսվել են հարձակումներ
Քույր եկեղեցիներն արձագանքել են և իրենց զորակցությունը հայտնել մեր Սուրբ Եկեղեցուն. Կաթողիկոսը՝ եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քույր եկեղեցիներն ու եկեղեցական կառույցները պատշաճ կերպով արձագանքել են և իրենց զորակցությունը հայտնել հայոց եկեղեցուն, հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է եղել արձագանքը, երբ եկեղեցու նկատմամբ ուժգնացել են ճնշումներ և սկսվել են հարձակումներ:

«Միջազգային հանրությունը դա համարել է երկրի ներքին խնդիր և որևէ ձևով չի արձագանքել, հակառակ որ մենք համապատասխան գրություններ հղել ենք զանազան կառույցների։ Սակայն քույր եկեղեցիները և եկեղեցական կառույցները, ինչպես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Եվրոպական եկեղեցիների միությունը, պատշաճ կերպով արձագանքել են և իրենց զորակցությունը հայտնել մեր Սուրբ Եկեղեցուն», - ասաց Կաթողիկոսն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա նաև հայտնեց, որ եկեղեցուն աջակից են եղել նվիրապետական աթոռների գահակալները՝ ինչպես Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը, այնպես էլ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոսը, այնպես էլ Պոլսի Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոսը։