Կաթողիկոսը մեկնաբանել է զավակ ունենալու վերաբերյալ իշխանության մեղադրանքները

02.06.2026, 18:25
Գարեգին Երկրորդը մեկնաբանել է զավակ ունենալու վերաբերյալ իշխանության մեղադրանքները
Կաթողիկոսը մեկնաբանել է զավակ ունենալու վերաբերյալ իշխանության մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչող պնդումներին, որ կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտել է և զավակ ունի։

«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում», – ասել է Կաթողիկոսն այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, որևիցե առումով նա ճիշտ չի գտնում, որ եկեղեցականները առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն։

«Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի», – ընդգծել է Կաթողիկոսը։