Քաղաքապետարանում նշել են Հաղթանակի զբոսայգու արդիականացման ծրագրի սահմանափակման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագիրը ժամանակավորապես սահմանափակվել է նախկին կառուցապատողի հետ դատական վեճի պատճառով։
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը, համայնքը սպասում է դատական գործընթացների ավարտին, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել ծրագրի իրականացմանը։
«Ծրագրի հետ կապված ունեինք կառուցապատման պայմանագիր «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ, որի ժամկետի ավարտից հետո համայնքը՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակներում, ցանկություն չի հայտնել երկարացնել պայմանագրի գործողության ժամկետը և լուծել է կառուցապատման պայմանագիրը՝ համապատասխան ձևով գրանցելով Կադաստրի կոմիտեում», - նշեց Թևանյանը գործակարգավարական խորրդակցության ժամանակ։
Նա հայտնեց, որ «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն դատական հայց էր ներկայացրել, որի շրջանակներում շուրջ մեկ տարի տևած դատական պրոցեսի արդյունքում, առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել է, և հաստատվել է, որ համայնքին չի պարտավորեցվում կնքել կառուցապատման պայմանագիր, ինչը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։
«Այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել։ Այդտեղ մեր գործողությունները սահմանափակված են, սպասում ենք` դատական պրոցեսներն ավարտվեն, որպեսզի կարողանանք ծրագիրն իրականացնել», - ասաց Թևանյանը։

