Իշխանությունների հետ պայմանավորվածություն եղե՞լ է. ՍԴ դատավորի թեկնածուն հերքել է նման լուրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իշխանությունների հետ պայմանավորվածություն կամ նախնական քննարկումներ չեն եղել և չեն էլ կարող լինել՝ լրագրորղների հետ զրույցում հայտնել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը:
Խունդկարյանի խոսքով՝ պայմանավորվածություն չի կարող լինել, որովհետև թեկնածուն անցնում է փակ, գաղտնի քվեարկությունների փուլ, իսկ նախագահին ընտրում են Սահմանադրական դատարանի դատավորները:
Հավելենք, որ ՍԴ դատավորների ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը կանցկացվի վաղը: -0-
Վիճահարույց օրենք
Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Մինչ այդ, հունիսի 30-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
Փոփոխությունների էությունը
Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։
Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։
Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով։
Սահմանադրական փոփոխություններ
Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:
Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։-0-