Իրավական և քաղաքական «բեսպրեդել»․ «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտում է ՀՀ Ազգային ժողովի նիստը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) հայտարարել է խորհրդարանական նիստը բոյկոտելու մասին: Այս դիրքորոշումը չորեքշաբթի օրը բարձրաձայնեց խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը:
Դիմելով ԱԺ մեծամասնական քաղաքական ուժի պատգամավորներին, Արման Աբովյանը վստահություն հայտնեց, որ դեմ են եղել իրենց պարտադրված երեկվա անօրինական քվեարկությանները, որոնցով համաձայնություն տվեցին Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռմխելությունից և ազատությունից։
«Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի և իրենք պայքարելու ենք ժողովրդավարական արժեքների, քաղաքացու իրավունքների համար։ Երեկվա կատարվածը քաղաքական հաշվեհարդար էր ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի ղեկավարի հանդեպ։ Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները ուշի ուշով հետևում են ՀՀ ԲՀԿ-ի հանդեպ ունեցող ռեպրեսիվ գործընթացներին։ Հաշվի առնելով երեկ տեղի ուենցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ- բոյկոտում է նիստը և լքում դահլիճը»,-ասաց պատգամավորը:
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։
ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։
Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։
Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։–0–

