ՀԾԿՀ-ն 10մլն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թ.-ի հունիսի 18-ին կայացած նիստում ՀԾԿՀ-ն ՀԷՑ ընկերությանը տուգանել է 10 մլն դրամ գումարի չափով։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանն են հայտնում ՀԾԿՀ-ից։
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«ՀԾԿՀ-ն տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը արձանագրված խախտումների համար։ 2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։
Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։ Մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրացմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։
Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):
Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):
Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում, Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում»։