ՀՐԱՏԱՊ. ՊՊԾ գնդի մոտ իրավապահների ուղղությամբ քարեր են նետում

21.07.2016, 01:09
ՊՊԾ գնդի մոտակայքում ծառայություն իրականացնող իրավապահների ուղղությամբ կրկին քարեր են նետում։
ՀՐԱՏԱՊ. ՊՊԾ գնդի մոտ իրավապահների ուղղությամբ քարեր են նետում
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ՊՊԾ գնդի մոտակայքում ծառայություն իրականացնող իրավապահների ուղղությամբ կրկին քարեր են նետում։

Հոգևորականները հանդարտության կոչ են անում։ Ոստիկանները շշեր են նետում ցուցարարների ուղղությամբ։ Դեռևս հայտնի չէ նոր սրման պատճառը։

Իրավիճակը Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտ լարվեց չորեքշաբթի երեկոյան: Շենքի մոտ հավաքված զինված խմբավորման անդամների կողմնակիցները պահանջեցին լուծել իրենց սննդի հարցը:

Մասնավորապես, նրանք ցանկանում են, որպեսզի իրնց ուտելիք բերեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Դրանից հետո նրանք փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Նախօրեին երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` պահանջելով թույլ չտալ գրոհ զինված խմբի անդամների նկատմամբ։ Շենքի մոտակայքից հանկարծ լսվեցին կրակոցներ, և ցուցարարները, կարծելով, թե գրոհ է սկսվել, փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ զինված խմբի անդամները օդ են կրակել` իրենց աջակցությունը հայտնելով Սարի Թաղի բնակիչներին, ովքեր բախման մեջ են մտել ոստիկանների հետ և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Բախումների հետևանքով վեց ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։ -0-