ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել զինծառայողների «սերմնահեղուկի բանկի» ստեղծման նախաձեռնությանը

26.05.2016, 16:51
Հայաստանի կառավարությունը հավանություն չի տվել զինծառայողների «սերմնահեղուկի բանկ» ստեղծելու նախաձեռնությանը։
ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել զինծառայողների «սերմնահեղուկի բանկի» ստեղծման նախաձեռնությանը
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հավանություն չի տվել զինծառայողների «սերմնահեղուկի բանկ» ստեղծելու նախաձեռնությանը։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է 18 տարին բոլորած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց «սերմնահեղուկի բանկի» ստեղծում։ Այդ նպատակով նա առաջարկել էր փոփոխություններ կատարել «Վերարտադրողական առողջության և մարդու վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում։ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 26–ից։ «Սերմնահեղուկի բանկը» առաջարկվում է ստեղծել` հաշվի առնելով զինվորական ծառայության հետ կապված բզմաթիվ ռիսկերը, ինչպես նաև ազգը շարունակելու վերարտադրողական իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում նշեց առողջապահության նախարար Վահան Պողոսյանը, կառավարությունն աննպատակահարմար է համարում լրացումները։

«Այսօր նմանատիպ դրույթ կա գործող օրենքում, բացի այդ, կարգավորված չեն իրավական և էթիկական նորմերը, մասնավորապես, «սերմնահեղուկի բանկի» կարգավիճակին և դրա ֆինանսավորմանը վերաբերողները։ Չկա նաև սերմնահեղուկի կիրառման և ծնված երեխաների որդեգրման ընթացակարգերի իրավաբանական կարգավորում»,– ասաց Պողոսյանը։

Պատգամավորը հանդես է եկել այդ նախաձեռնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ապրիլյան ագրեսիայից հետո։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-