ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային բացահայտումները. կարևոր հայտարարություններ (ՎԻԴԵՈ)
20:59
19 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախկինում անհայտ տեղեկատվություններ Արցախում պատերազմի ընթացքում Զինված ուժերի գործողությունների մասին: Այս տեղեկատվությունը «պայթեցրեց» Հայաստանի տեղեկատվական դաշտը, պաշտոնական կառույցների արձագանքը չուշացավ:
«Նովոստի – Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Հակոբյանի հայտարարությունների հիմնական թեզերը:
-Զորացրման մասին որոշումս վաղուց եմ կայացրել, դեռեւս հոկտեմբերի 5-ին: Դրա հիմքերը եղել են: Այդ ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետեւ հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս կհասցնի Զինված ուժերին և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը:
-Պատերազմի 44 օրվա ընթացքում սուտը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է և մեր երկիրը կանգնեցրել է ավելի խորը ճգնաժամի առաջ: Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրերից մեկը հակառակորդին մոլորության մեջ մտցնելն է, այսինքն՝ սուտ ինֆորմացիա տարածելը: Բայց այնտեղ կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30%-ը: Մեր սուտը գերազանցել է 100%-ը:
- Մեր բոլոր անհաջողությունները սկսվել են ԶՈւ-ն պատերազմին նախապատրաստելուց։ Ես հիմնավորում եմ պահանջել վարչապետից ինձ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից հանելու համար, ինձ ասել են, որ որոշել են փոխել ներկայիս բոլոր ղեկավարներին։ Երբ ես իմացա, թե ում է նշանակել, ասել եմ՝ դուք նշանակել եք ԳՇ պետ ամենանպատրաստ գեներալին՝ Արտակ Դավթյանին: Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը:
- Նախկին ռազմական պլանում, նախատեսված է եղել օպերատիվ օղակներում կրճատումների հաշվին ավելացնել մարտական օղակում անձնակազմը, սակայն եղել է ճիշտ հակառակը։ ԳՇ և ՊՆ կառույցներում օպերատիվ օղակում գրեթե 95 տոկոսով անձնակազմ է ավելացվել։ Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը։ Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայակազմ՝ իր հրետանիով, իր կապի միջոցներով։
- (Պատերազմի ընթացքում ― խմբ․) մեր զորահավաքը չի կատարվել, դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, ՊՆ-ն, զինկոմիսարիատը, ոչ՝ ԳՇ պետը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախը լրահամալրման պլանն իրականացրել էր 78%-ով, ՀՀ-ն՝ 52: Դա պիտի լիներ 48 ժամվա ընթացքում։ Երկրորդ օրը համալրման տոկոսն ավելի ցածր է եղել։ Պատերազմի 3-րդ օրը երկրի ղեկավարը հրաման է արձակել կանգնացնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Դա հերքել չեն կարող, քանի որ պաշտոնական անձինք, ովքեր պատասխանատու են դրա համար, խոսակցությունը ձայնագրել են։
- Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղ, որ չվերադառնան Հայաստան ու խուճապ չառաջացնեն: Նրանց հետ բացատրական աշխատանք են տարել, որ մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքերը։
- 2016թ-ից հետո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է, որ այլ ձև է լինելու ԶՈւ զարգացման պլանը։ 2016թ. կազմվել է սպառազինության ձեռք բերման պլան։ Այն ժամանակ ձեռք են բերվել «Սմերչ» ՀԿՌՀ, «ՏՈՌ», «Իգլա-Ս» և «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ։ Դրանք են այն զենքերը, որոնք այս պատերազմում կռվել են։ Պայմանագրերը կնքվել են 2016թ., ձեռք են բերվել՝ 2017-ից, բացառությամբ՝ «ՏՈՌ»-ի, որի մի մասը 2018-ին է ձեռք բերվել։ Ձեռք են բերվել մեծ քանակությամբ նռնականետեր, «Կորդ» գնդացիրներ, խնդիր է դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերել։ 2017թ. պլանով նախատեսված է եղել ձեռք բերել ևս 2 դիվիզիոն «ՏՈՌ», ընդ որում՝ մեկը 2018 թ․–ին, որի գումարի 10 տոկոսը վճարված է եղել, և մյուսը՝ 2019թ֊ին։ Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտակազմով, պիտի կատարելագործվեր «Իսկանդերի» համակարգը, պիտի ձեռք բերվեին «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ և մեծ քանակությամբ զինամթերք։ (Նոր իշխանությունները-խմբ․) փոխել են 2018 թվի գործող պլանը, ձեռք են բերել Սու-30 ՍՄ կործանիչներ, ԶՈւ 23-2 զենիթային համակարգեր, և հետագայում նաև՝ Օսա-ԱԿ ՀՕՊ համալիրներ։ Հիմա (այս պատերազմին -խմբ.) դրանցից ոչ մեկը չի աշխատել։
- Աննա Հակոբյանը հրամկետում նստած էր Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, և այդ սենյակում մեծ էկրան է տեղադրված եղել, որտեղ ցուցադրվել են մարտական գործողությունները։ Ես մոտեցա նրան, ասացի՝ տիկին Աննա, նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, Ձեզնից կաշկանդվում են, ասաց՝ լավ, 20 րոպե նստեց ու գնաց, 4 ժամ անց ինձ Երևան կանչեցին, որտեղ պաշտպանության նախարարը՝ Փաշինյանի անունից արգելեց ինձ հայտնվել Արցախի հրամկետում։ Ես վարչապետին գրել եմ․ «Չեմ կարողանում մնալ այստեղ, ինձ ուղարկեք Արցախ, սիրտս պայթում է»։ Վարչապետն այդ նամակը նույնիսկ չի էլ կարդացել։
- Արցախում «Իսկանդերը» կրակել է, բայց, թե որ ուղղությամբ, չեմ ասի։
- ՊՆ-ն ոչ մի դերակատարություն չունի մատակարարումների հետ: Այն մատակարարումները, որ իրականացվել է պատերազմի ժամանակ, իրականացրել է մեր բարեկամ երկիրը` Ռուսաստանը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ վարչապետը դեռ չէր զանգել ՌԴ նախագահին ու խնդրել աջակցությոին: Եվ ՌԴ-ն ըստ իս, իրկանացրել է զուտ իր խղճի հանդեպ զգացողություն չունենալու համար: Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել անել եւ մենք պետք է շնորհակալ լինենք: Տվել է այն, ինչը մենք չենք երազել։
- Այն ամենը, ինչ ես այսօր ասում եմ, ուղղված է նրան, որ հետագա քայլերում սխալներ թույլ չտանք և մտածենք բանակի մասին։
Վարչապետի աշխատակազմի արձագանքը
Վարչապետի աշխատակազմի արձագանքն իրեն սպասել չտվեց։ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, հատիկ հատիկ պարզաբանեն դրանք և տան գնահատական:
Նա նաև անդրադարձել է Հակոբյանի հրապարակած փաստերի հիմնավոր լինելուն:
«Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները»,- գրել է Գևորգյանը Facebook-յան իր էջում՝ ներկայացնելով հաղորդագրությունների հղումները։
Նա հավելել է, որ լիազորված է տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց: «Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»,- գրել է Գևորգյանը:
Քննիչներն ուսումնասիրում են
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մովսես Հակոբյանի ասուլիսը գրանցվել է դիտարկման նպատակով։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների