Հայաստանն Արցախի ճանաչումից չի վախենում. ԱԳՆ ղեկավար

09.05.2016, 15:28
Հայաստանը չի վախենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումից:
Հայաստանն Արցախի ճանաչումից չի վախենում. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի վախենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումից, երկուշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հաղթանակի այգի այցելության ժամանակ։

«Կառավարության՝ երկու պատգամավորների ներկայացրած օրինագծով եզրակացությունում ասվում է, որ այդ հարցը պայմանավորված է ԼՂՀ-ի և Հայաստանի միջև քննարկումներով, ինչպես նաև հնարավոր, այդ թվում՝ արտաքին գործոններով։ Պետք է հաշվի առնել, որ դրանք բավականին նուրբ հարցեր են, որոնք էմոցիոնալ քայլերով չեն կարող ուղեկցվել»,- ընդգծեց Նալբանդյանը։

Նա ավելացրեց նաև, որ միջազգային հանրությունը կիսում է հայկական կողմի դիրքորոշումը։ «Մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Այդ մասին նաև վկայում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հինգ հայտարարություններ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը մինչ օրս խուսափում է այդ հինգ հայտարարությունների հղումներից, որոնք ղարաբաղյան հակամարտության կաևգավորման՝ միջազգային հանրության դիրքորոշումն են համարվում»,- ավելացրեց Նալբանդյանը։
Նա նշեց նաև, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հստակ հնչեցրել են, որ բանակցությունների գլխավոր հարցն Արցախի ինքնորոշումն է, և այդ կետը բանակցությունների կենտրոնական կետն է։

Նախարարը նաև դատարկ խոսակցություն անվանեց այն պնդումները, թե ԼՂՀ ճանաչման հարցն օրակարգից հանվել է Ռուսաստանի ճնշման ներքո։ --0--