Հաստատվել են 2025-2026թթ. ուստարում 5-12-րդ դասարանների դասագրքերի ներդրումային գումարների չափերը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026թթ. ուստարում 5-12-րդ դասարանների դասագրքերի ներդրումային գումարների չափերը։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է, որ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի:
Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:
5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 1-11-րդ դասարաններում, իսկ հաջորդ ուսումնական տարվանից նաև 12-րդ դասարանում ուսուցումն իրականացվելու է նոր ստեղծված դասագրքերով:
Հիշեցնենք, նախօրեին կայացած մամուլի ասուլիսին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ 5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3,000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

