Գրքի տոնը՝ Կառավարությունում. ԿԳՄՍ նախարարը գրքեր է նվիրել նիստի մասնակիցներին

19.02.2026, 11:40
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրքեր է նվիրել կառավարության նիստի բոլոր մասնակիցներին
Գրքի տոնը՝ Կառավարությունում. ԿԳՄՍ նախարարը գրքեր է նվիրել նիստի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Գիրք նվիրելու օրվա առթիվ այսօր Կառավարության նիստի մեկնարկին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրքեր է նվիրել նիստի բոլոր մասնակիցներին։

Նախարարը նշել է, որ ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության շատ կարևոր և առաջնահերթ ուղղություն է։

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և արդեն ավելի քան 15 տարի է, ինչ այս օրը Հայաստանում նշվում է, որպես գիրք նվիրելու օր։ Այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով, նախորդ տարի գրքի փառատոնին 18 հազար գրքի վաճառք ենք ունեցել, որը 33 տոկոսով ավելի է, քան դրա նախորդ տարի, և փառատոնին 40 հազար մասնակից, որը 2023 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։

Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը վկայում է, որ ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում մեծանում է։