Երևանի կենտրոնում կբարեկարգվի Մոսկովյան պուրակը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվել է Մոսկովյան պուրակի բարեկարգման մեծածավալ ծրագրի մեկնարկը։
Բանկի 35-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնությունը կդառնա նվեր մայրաքաղաքին և երևանցիներին՝ միտված հանրային տարածքների զարգացմանն ու կանաչ միջավայրի բարելավմանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մոսկովյան պուրակի բարեկարգումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ հանրային տարածքների վերարժևորմանն ու քաղաքի զարգացման գործում մասնավոր հատվածը ներգրավելու հետևողական քաղաքականության հերթական գործնական քայլերից է։

Նախաձեռնությունը նաև արտացոլում է քաղաքապետարանի գործուն համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ քաղաքի զարգացման բնագավառում գործարարների մասնակցությունը խրախուսելու և համայնք-բիզնես արդյունավետ կապերը նոր մակարդակի բարձրացնելու առումով։
Երևանի այս հատվածը քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ ավելի բարեկարգ, լուսավոր և հարմարավետ միջավայրով։
Նախատեսվում է ընդլայնել և վերականգնել կանաչ գոտիները, ներդնել ժամանակակից լուսավորության համակարգեր, արդիականացնել հանգստի գոտիները և պուրակը դարձնել ավելի գրավիչ երևանցիների և քաղաքի հյուրերի համար։

Քաղաքապետարանի համար այս ծրագիրը համայնք-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, երբ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը դառնում է նկատելի, չափելի և երկարաժամկետ։
«Սա Երևանի քաղաքապետարան-Կենտրոն վարչական շրջան և մասնավոր հատված շղթայի լավագույն ավանդույթների շարունակությունն է: Այդպիսի համագործակցությունը քաղաքի միջավայրի և բնական համակարգը փոխելու առումով շատ մեծ նշանակություն ունի, որովհետև համայնքն իր հերթին շատ լուրջ միջոցներ է ձեռնարկում քաղաքը բարեկարգելու համար, իր հերթին նաև մասնավոր հատվածը, տարբեր ընկերություններ նույնպես մասնակցում են, բայց նրանց համագործացությունը կամ ուժերը համատեղելը բերում է շատ ավելի մեծ ու լավ արդյունքի»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Մոսկովյան պուրակը Երևանի ամենասիրված վայրերից է։ Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկար վարանելու համաձայնեցինք ֆինանսավորել Կենտրոն վարչական շրջանից ստացված առաջարկը. բարեկարգել և նոր շունչ հաղորդել Մոսկովյան պուրակին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ միայն վերջին 5 տարվա ընթացքում IDBank-ի կողմից բնապահպանական տարբեր ծրագրերով տնկվել է ավելի քան 50.000 ծառ՝ վերականգնելով անտառապատ տարածքները։ Այս նախագիծն այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:
Մոսկովյան պուրակի բարեկարգման ծրագիրը ևս մեկ քայլ է Երևանում կանաչ, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայր ձևավորելու ճանապարհին։

