Երբ «ԱՐՄԵԴ»-ում արձանագրվի, որ անձը ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքն ինքնաշխատ կդադարեցվի․ նախագիծ

06.02.2026, 16:32
ՆԳՆ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2021 թ.-ից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը
Երբ «ԱՐՄԵԴ»-ում արձանագրվի, որ անձը ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքն ինքնաշխատ կդադարեցվի․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երբ «ԱՐՄԵԴ»-ում արձանագրվի, որ անձը ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական փոփոխությամբ հստակեցվում են այն իրավական հիմքերը, որոնցով անձի վարելու իրավունքը կարող է ինքնաշխատ կերպով դադարեցվել առողջական վիճակի հետ կապված հակացուցումների դեպքում:

Մասնավորապես, հոգեկան, թմրամիջոցների կամ հոգեմետ-հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ «առողջապահական մարմնի տրված եզրակացություն» ձևակերպումն առաջարկվում է փոխարինել «տեղեկատվություն» ձևակերպմամբ, ինչը հնարավորություն է տալիս տվյալ տեղեկատվության փոխանակումը կատարել թվային եղանակով:

«Այն պահին, երբ Armed էլեկտրոնային առողջապահության համակարգում կարձանագրվի, որ անձն ունի թմրամիջոցների կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակավ ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից և անձի վարելու իրավունքը կդադարեցվի»,- ասել է hիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Նա տեղեկացրել է, որ 2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը:

Նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը և անձի՝ վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն ինքնաշխատ կերպով կդադարեցվի՝ նպաստելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։