Դիմակներ, ձեռնոցներ և սոցիալական հեռավորություն. ոստիկանությունը զգուշացնում է պատժամիջոցների մասին
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է կորոնավիրուսի պատճառով սահմանված կանոնների խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության միջոցների մասին: Այս մասին նշվում է ոստիկանության Facebook-յան էջում:
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում հստակ հետևել Հայաստանի Հանրապետության Պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել Պարետի որոշումով սահմանված դեպքերում:
«Հասարակական տրանսպորտում վարորդները, ինպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:-0-
Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով:-0-

