ԲՀԿ–ն բողոքի ակցիա է անցկացնում «ձայները գողանալու» դեմ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց:
ԿԸՀ հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր են ճանաչվել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների N 10/51 և N 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ «Բարգավաճ Հայաստան»-ում հայտարարել են, որ դա նպատակ ունի թույլ չտալ կուսակցության մուտքը խորհրդարան, քանի որ անվավեր են ճանաչվել հենց այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեծ թվով ձայներ էր ստացել։
«Եթե նշված տեղամասերում ձայները յուրացվում են և կրկնակի քվեարկություն չի անցկացվում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան»,- հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները բացատրվում են նրանով, որ վախենում են խորհրդարանում չապահովել ձայների 3/5-ը և հնարավորություն չունենալ միանձնյա նշանակումներ կատարել առանցքային պաշտոններում։
«Եթե այս ամենաթողությունը շարունակվի, ապա բողոքի ակցիաները ձնագնդի պես կմեծանան։ Իշխանությունները կզգան մարդկանց կատաղությունը։ Իշխանությունների ճգնաժամը ընտրություններով չի հաղթահարվել։ Իշխանությունների համար հետհաշվարկը միացված է»,- ասել է Սուրենյանցը՝ չպատասխանելով այն հարցին, թե ինչ ժամկետներում դա տեղի կունենա։
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր հունիսի 12–ին դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ սկսել է խորհրդակցություններ քաաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։

