Ադամ Սահակյանն այսուհետ միշտ ներկա է. նրա անունով է կոչվել 114 դպրոցի դասարաններից մեկը

01.09.2016, 15:23
Ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս-սերժանտ Ադամ Սահակյանի անվան դասարան է բացվել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում:
Ադամ Սահակյանն այսուհետ միշտ ներկա է. նրա անունով է կոչվել 114 դպրոցի դասարաններից մեկը
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս-սերժանտ Ադամ Սահակյանի անվան դասարան է բացվել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ուսումնական տարվա առաջին օրը, հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

 - рис.1

Թիվ 114 ավագ դպրոցում, որի սան էլ եղել է Ադամ Սահակյանը, հերոսի հիշատակին նվիրված «Ադամ, ներկա՛» խորագրով միջոցառում անցկացվեց:

 - рис.2

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հերոսի ծնողները, եղբայրը, հարազատներն ու ընկերները:

ՀՀ ԿԳ նախարարը հանդես եկավ հերոսի ծնողներին ուղղված ողջյունի ուղերձով և երախտագիտության խոսքով` նշելով, որ Ադամի օրինակով է հասկանալի դառնում, որ հերոսը ժողովրդի կողքին ապրող երիտասարդն է, նրա առօրյան, հոգսերն ու խնդիրները կիսող երեկվա աշակերտը:

 - рис.3

«Մենք պիտի պահենք- պահպանեք նրանց հիշատակը, որպեսզի մեր հետագա ճանապարհն ավելի հեշտ լինի: Ֆրանսիացի հայտնի փիլիսոփաներից մեկն ասում էր՝ ողջերի իրական տերերը անցավորներն են: Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների հիշատակին, նրանց թափած արյունը պիտի ավելի ուժեղացնի մեզ»,– ասաց նա։

Նախարարը կարևորեց Ադամ Սահակյանի անվան դասարանի բացումը, ինչը թույլ է տալիս հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերել գործնական հարթակ։

 - рис.4

Ըստ նրա, երբ երեխան մտնի այդդասարան, կհասկանա, որ իր կողքին գտնվող երիտասարդը պոտենցիալ հերոս է:

Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն: Մենք ձևավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգ, որտեղ դաստիարակությունը այսօրվա հերոսի կերպարի վրա է հիմնվում»,- նշեց ԿԳ նախարարը:

 - рис.5

Լևոն Մկրտչյանն իր խոսքում նաև շնորհավորեց հանրապետության բոլոր ուսանողներին ու աշակերտներին Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ -0-