Զարգացման կենտրոնում երեխաներ են թունավորվել․ տեսչական մարմինը կասեցրել է խոհանոցի գործունեության առանձին գործառույթը

23.11.2023, 14:48
Զարգացման կենտրոնում երեխաներ են թունավորվել․ կասեցվել է խոհանոցի գործունեության առանձին գործառույթը
Զարգացման կենտրոնում երեխաներ են թունավորվել․ տեսչական մարմինը կասեցրել է խոհանոցի գործունեության առանձին գործառույթը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, երեխաների զարգացման կենտրոնում արձանագրված թունավորման դեպքով պայմանավորված, ստուգում են իրականացրել «Սայադյան» ՍՊԸ-ում (Լիդեր Լենդ երեխաների զարգացման կենտրոն, ք. Երևան), որի ընթացքում կատարվել է նմուշառում «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր հետազոտության, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Կաթով խլոպիա» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Թանապուր» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում են վտանգավոր:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Սայադյան» ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:–0–