Երևանում ոստիկանությունն ամբողջ օրը մարդատար մեքենաներ է ստուգել. հայտնի է պատճառը (ՖՈՏՈ)

12.02.2022, 22:12
Այսօր ամբողջ օրը Երևանի տարբեր շրջաններում ոստիկանները ստուգում էին մարդատար մեքենաները. ՖՈՏՈ
Երևանում ոստիկանությունն ամբողջ օրը մարդատար մեքենաներ է ստուգել. հայտնի է պատճառը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ամբողջ օրը Երևանի տարբեր շրջաններում ոստիկանները ստուգում էին մարդատար մեքենաները: «Նովոստի-Արմենիա»-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայում անգամ դարձավ մի մեծ խցանման ականատեսը, որն առաջացել էր այդ գործողությունների հետևանքով:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը ներկայացրեց պարզաբանումը:

«Այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն: Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների», - նշել են ոստիկանությունից:

Ոստիկանությունը հայցել է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն: Դժվար չէ պատկերացնել, թե նշված զենքն ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հենց քաղաքացիների համար: Ոստիկանությունը պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ: Ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում», - նշել են ՀՀ ոստիկանությունից:-0-