Վիկտոր Սողոմոնյանն անեկդոտ է պատմել Փաշինյանի երրորդ գրառման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը։
Նախօրեին Սողոմոնյանն արդեն անդրադարձել էր վարչապետի նախկին երկու գրառումներին` հայտարարելով հետևյալը. «Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։
Այսօր Սողոմոնյանը Փաշինյանի երրորդ գրառման և Արցախում տիրող իրավիճակի ու զարգացումների կապակցությամբ պատմություն է պատմել։
«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։ Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», – գրել է Սողոմոնյանը Facebook–յան իր էջում։
Փաշինյանի հայտարարությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի Facebook–յան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Արցախի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման նախադրյալների և այդ քայլի հնարավոր հետևանքների մասին: Մասնավորապես, վարչապետի խոսքով, 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել: Բացի այդ, ինչպես հայտնել է Փաշինյանը, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու:
Իր երկրորդ գրառմամբ, վարչապետը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում չի ավարտվել հոկտեմբերի 19-ին՝ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների բովանդակությունը և ինչպես նաև արտախորհրդարանական և Անվտանգության խորհրդի հետ քննարկումների ընթացքը:
Այսօր վարչապետը կատարել է երրորդ գրառումը` շարունակելով ներկայացնել Արցախի պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, որոնցում այս անգամ ներկայացված էին Արցախի և Հայաստանի նախկին նախագահներ Արկաի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։–0–

