Ucom ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն:
«Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել: Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը: Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում: Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով», – նշվում է հայտարարության մեջ:
Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22մլրդ 100 մլն դրամ գումար:
Հայկ Եսայանը հայտնեց, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր:
Ինչպես ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է գրել։ Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և ակցիոներների միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների տեղեկացմամբ, հակասությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:
2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–