Փետրվարի 1–ից բոյկոտելը մնում է ուժի մեջ․ Մարությանը՝ Ավինյանի հայտարարության մասին

23.01.2025, 13:55
Տրանսպորտի սակագները կփոխվե՞ն, իսկ ի՞նչ է ասում Մարությանը
Փետրվարի 1–ից բոյկոտելը մնում է ուժի մեջ․ Մարությանը՝ Ավինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փետրվարի 11–ին Ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։

Նա հայտնել է, որ փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետևյալ փոփոխությունները՝

  • 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
  • 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
  • 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
  • 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Ավինյանը նաև հիշեցրել է, որ հունվարի 1–ից գործում են 30–օրյա, 90–օրյա և 365–օրյա փաթեթները՝ համապատասխանաբար 9000 դրամ, 24000 դրամ և 90000 դրամ։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ավելի վաղ բոյկոտի կոչ էր արել, Ավինյանի այս հրապարակումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունները գնում են նմա քայլի, քանի որ ժողովուրդն ասել է, որ բոյկոտելու է, և իրենք ստիպված են գնում նման քայլի։

Մարությանը նշել է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ։

«Բոլորս միասին, միահամուռ ուժերով ասում ենք, որ ժողովուրդը պահանջում է մինչև 100 դրամ տարբերակը։ Այսինքն փետրվարի 11–ին նրանք ունեն միայն մեկ տարբրերակ՝ մինչև 100 դրամ, այլ տարբերակ ժողովուրդը չի ընդունելու», – նշել է Մարությանը։