«Օմիկրոնը» հասավ Հայաստան. երկու դեպք է հայտնաբերվել

08.01.2022, 21:31
«Օմիկրոնը» հասավ Հայաստան. երկու դեպք է հայտնաբերվել
«Օմիկրոնը» հասավ Հայաստան. երկու դեպք է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։

Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաաարդյունավետ միջոցը պատվաստումն է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ:-0-