ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Smart Armenia» բարեգործական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իր գործունեությունն է սկսել երկրում առաջին ու միակ ադրբեջաներենի մասնագիտացված կենտրոնը (Azerbaijani Language Center, ALC):
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշեց «Smart Armenia» կազմակերպության հիմնադիր նախագահ Արման Նալբանդյանը, ադրբեջաներենի մասնագիտացված կենտրոն բացելու գաղափարը դեռ վաղուց կար: 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմը և պատերազմով պայմանավորված իրավիճակը ավելի արագացրեցին կենտրոնի բացման աշխատանքները։
«Հայաստանում ադրբեջաներենի ուսումնասիրության, որակյալ իմացության հարցն ազգային անվտանգությանը հարող խնդիրներից մեկն է։ Մեր երկրում միշտ պետք են լինելու թշնամու լեզվին բոլոր ոլորտներում և մակարդակներում գերազանց տիրապետող մասնագետներ։ Ելնելով այս ամենից` որոշեցինք մեր փոքր ներդրումը բերել հայրենիքի անվտանգության կերտման գործում»,-ասաց հիմնադիր նախագահը։
Նա շեշտեց, որ կա անբեկանելի, անհերքելի փաստ. թշնամուն հաղթելու ամենակարևոր ու հենքային առհավատչյան նրան լավ ճանաչելն է, իր լեզվին վարժ տիրապետելը:
«Այս ոլորտում կար բավական մեծ բաց, որը, վստահ ենք, ոչ երկար ժամանակահատված անց կլրացնի հենց ALC-ն, որն իր բնույթով առաջինն է Հայաստանի պատմության մեջ: Անելու ենք ամեն հնարավորն ու անհնարը` բանակաշինության վսեմ գործում, անվտանգային համակարգի և ընդհանրապես երկրի զարգացման երկարատև ու բարդ աշխատանքերում մեր ներդրումն ունենալու համար»,-ասաց Նալբանդյանը:

Հիմնադրի խոսքով՝ կենտրոնի նպատակն է Հայաստանի քաղաքացիների համար ստեղծել հնարավորություններ, որպեսզի ցանկության դեպքում սովորեն թշնամու լեզուն և, որ ամենակարևորն է, այն ծառայեցնեն ի շահ հայ ժողովրդի ու հայրենիքի։
«Մենք մեր կենտրոնի առաջ խնդիր ենք դրել նոր մակարդակի հասցնել ադրբեջաներենի դասավանդումը Հայաստանում և ուսանել, ցանկացողների համար ապահովել բարենպաստ պայմաններ` այդպիսով արագացնելով, օգնելով պետությանն ու բանակին անվտանգային համակարգը, բանակաշինությունը բարձր աստիճանի հասցնելու համար: Ինչպես նաև նոր ու անհրաժեշտ աշխատատեղեր բացելու հնարավորություն ընձեռել քաղաքացիական մի շարք կազմակերպությունների ու ենթակառուցվածքների»,-նշեց Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում կենտրոնը նախատեսում է դասավանդել միայն ադրբեջաներեն, սակայն լեզուն սովորելը որոշակի ուղի է, որպեսզի ճանաչես ու ծանոթանաս ուսումնասիրության առարկա հանդիսացող լեզվով խոսող հանրության ու ժողովրդի մշակութային ու արժեքային համակարգերին։

«Հետագայում բացառված չէ, որ ադրբեջաներեն դասավանդելուն զուգահեռ կարող են դասավանդվել նաև ադրբեջանական ազգին վերաբերող ավելի նեղ թեմաներ. օրինակ՝ կրոն, գրականություն, մշակութային առանձահատկություններ տեղաբնիկ ժողովուրդների մասին և այլն»,-ընդգծեց հիմնադիր նախագահը։
Արման Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտորնը բացվել է երկու հիմնադիրների՝ «Smart Armenia»–ի և ALC-ի ինչպես նախաձեռնությամբ, այնպես էլ ֆինանսավորմամբ ու միասնական աշխատանքով: Որոշ խմբեր էլ, այդ թվում` պատերազմի հետևանքով տուժած անձինք, ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստ) անդամներ, ուսանելու են անվճար սկզբունքով:
«Ֆինանսավորումն ապահովում է «Smart Armenia»-ն իր հիմնական գործունեության շրջանակներում, ALC-ում մի քանի այլ ծրագրեր լինելու են վճարովի, թեև, հարկ ենք համարում ընդգծել` ընտրված է շուկայականից ցածր գին, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ կարողանան ուսանել մեր կենտրոնում և այս մեծ ու երկարամյա աշխատանքի մի մասնիկը դառնան», – ասաց Նալբանդյանը` հավելեով, որ տեղերն արդեն գրեթե սպառված են:
Հիմնադիր նախագահի խոսքով՝ դասավանդումն իրականացվելու է կենտրոնի մասնագետների կողմից կազմված գրականության, ձեռնարկի և օժանդակ նյութերի միջոցով, որը կենտրոնը հաճախողներին տրամադրելու է անվճար։
«Դասավանդման պլանի համաձայն` դասընթացն ամբողջապես ավարտած ուսանողը կկարողանա A2-B1 մակարդակով շփվել, հաղորդակցվել ադրբեջաներեն լեզվով, ինչպես նաև կատարել ավելի բարդ տեքստերի թարգմանություններ։ Հաջորդ փուլով նախատեսվում է լեզվի իմացության մակարդակը հասցնել մինչև C1 մակարդակի։ Այսինքն, կենտրոնի ամբողջ կուրսը գերազանց ավարտած ուսանողը վարժ կտիրապետի ադրբեջաներենին», - ասաց հիմնադիրը։
«Կազմելով հատուկ ձեռնարկ ALC կազմակերպության համար, պատրաստելով հստակ ծրագիր դասընթացների համար, հիմնվելով նաև փորձի վրա` եկել ենք այն եզրակացության, որ 8 ամիսը լիովին բավական է դասընթացի հիմնական փուլն ավարտելու, ձեռնարկում ներկայացված բոլոր դասերն ամբողջովին յուրացնելու և վերոնշյալ ունակությունները ձեռք բերելու համար»,-նշեց Նալբանդյանը:
Հիմնադրի խոսքով, կենտրոնի դասընթացներն ավարտած ուսանողներին ներկայացվելու են ուղիներ սույն ոլորտում տարաբնույթ աշխատանքների համար, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվելու են հանդիպում-սեմինարներ:
Ադրբեջաներեն լեզվի կենտրոնը իր աշխատանքը նախատեսում է սկսել սեպտեմբերի առաջին կեսից։ Կենտրոնում կարող են սովորել 14 տարեկանից սկսած անձինք, որևէ սահմանափակում չկա։
«Ժամկետը պատահական չէ ընտրված. այն թույլ կտա շահագրգիռ անձանց ավելի լավ պատկերացնել իրենց շաբաթական գրաֆիկն, ու ուսումնական տարվա ավարտին մենք կունենանք լեզվի ուսուցման առաջին`հիմնական փուլն ավարտած ուսանողներ»,-եզրափակեց Նալբանդյանը։
Նշենք նաև, որ «Smart Armenia» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել
է` ի աջակցություն
վիրավորված
հայ
զինվորների, որը տալիս է կրթության,
ապա աշխատանքի
հնարավորություն:–0–