Մարությանը փետրվարի 15–ին հավաք է կազմակերպում՝ բողոքելով տրանսպորտի թանկացման դեմ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հավաք է կազմակերպում` կազմակերպելով բոյկոտ փետրվարի 1–ից Երևանում նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։
«Մենք որոշեցինք՝ չորեքշաբթի՝ փետրվարի 15–ին ժամը 13։00–ին կլինենք «Երիտասարդական» մետրոյի մոտ մեր թիմով, կսպասենք բոլոր քաղաքացիներին, ովքեր ուզում են միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին։ Կլինեն վստահաբար քաղաքացիներ, որոնք կուզեն առաջարկել իրենց բոյկոտի մեխանիզմը։ Այնպես որ այնտեղ կլինենք, միասին կքննարկենք և կիրազեկենք մեր բոլոր քաղաքացիներին մեր որոշումների, քննարկումների մասին, թե ինչպես պետք է կատարվի այս պրոցեսը», – ասաց Մարությանն այսօր Facebook–յան իր էջում հրապարակված տեսանյութում։
Նա նշեց, որ քաղաքացիներից հազարավոր նամակներ է ստանում, ովքեր կոչ են անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը։
«Փետրվարի 1–ից սկսած քաղաքային իշխանությունները որոշել են թանկացնել քաղաքային տրանսպորտը, չնայած մեր բոլոր զգուշացումներին, որ դա սխալ որոշում է, մարդիկ այդքան գումար չունեն, որպեսզի վճարեն, լրջագույն խնդիրներ կունենա տրանսպորտից օգտվելու հետ կապված, բայց իրենք ականջալուր չեղան, իրենց մեկ է, թե ինչպես է ժողովուրդն ապրում, ինչպես է կարողանալու այս բարդ պայմաններում կազմակերպել իրենց և իրենց երեխաների տեղափոխումը, տեղաշարժը, այնուամենայնիվ, գնում են առաջ և իրենց այս այլանդակ որոշումն ի կատար ածում», – ասաց Մարությանը։
Նա նշեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել իր և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բանավեճը, որի ընթացքում նա երեք անգամ հարց է ուղղել, թե արդյոք ՀՀ վարչապետը տեղյակ է այս որոշումից, սակայն Ավինյանը խուսափել է պատասխանից։
«Այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն անձամբ Նիկոլ Փաշինյանին եմ գրել իր ֆեյսբուքյան էջում, հարց եմ տվել՝ ինչպես եք վերաբերվում այս որոշմանը, ձեր կարծիքը ասեք։ Երկու անգամ, և երկու անգամ էլ Փաշինյանը միտումնավոր չպատասխանեց։ Շատ լավ գիտակցում ենք բոլորս, որ նա (Փաշինյանը, խմբ․) շատ հաճախ օգտվում է ֆեյսբուքյան էջից, սոցցանցերից, շատ հաճախ պարծենում է, թե ինչքան դիտումներ ունի, թե ինչքան է կարդում նամակներ, պատասխանում քաղաքացիների հարցերին, և այս կարևորագույն հարցը նա արհարմարհել է և չի պատասխանել։ Նա այդպես է արել, որովհևետ սա սխալ որոշում է, նա չի ուզում վերցնել պատասխանատվությունն իր վրա, խուսափում է պատասխանատվությունից՝ թողնելով այս պատասխանատվությունը Տիգրան Ավինյանի վրա, որ հետո հարմար առիթի դեպքում ասի՝ «Տիգրան ջան, սիրուն չի»։ Բայց մենք պետք է բոլորս արձանագրեքն, որ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այս թանկացման համար, որովհետև առանց նրա համաձայնության ոչ մի կարևոր որոշում այս պետությունում չի կայացվում։ Ինքը քաջ տեղյակ է այս որոշման միասն, և բնականաբար դեմ չի արտահայտվել, և դրա համար այս որոշումը հիմա քաղաքային իշխանություններն առաջ են տանում։ Եկեք սա ֆիքսենք, որ այս թանկացման համար պատասխանատու է անձամբ Նիկոլ Փաշինյանը», – ասաց Մարությանը՝ կոչ անելով բոլորին փետրվարի 15–ին հավաքվել մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ։
Միասնական տոմսային համակարգի մասին
2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.
* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)
* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)
* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)
* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)
* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)
* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)
Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։
Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։
Արտոնությունների մասին
2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):