«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին քարոզարշավի ընթացքում ևս անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը», – ասել է Փաշինյանը։
«1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, չեն փորձել դիվերսիա անել. այս ամենը եղել է, բայց գերինե՞ր ու դրանից հետո այս աննամուսն ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն», – նշել է Սարգսյանը։
«Այնքան է լկտիացել, որ մտածում է՝ իրեն շատ բան է ներվել, սա էլ է ներվելու: Բա, լավ, դա մա՞րդ է, խիղճ ունի՞, չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի՞ հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, սպանելու, խոշտանգելու: Ո՞նց կարող է նման բան լինել, ինքը հասկանո՞ւմ է, թե այդ մարդիկ ինչ վիճակում են, դե, պիտի թքես այդպիսի ղեկավարի վրա», – ասել է Սարգսյանը։
Նա առաջարկել է, որպեսզի Փաշինյանը տա իր որդուն` Աշոտին և փոխարենը հետ բերի 20–25 գերո, այդ ժամանակ նա ամեն օր այդ խնդրով կզբաղվի։
«Իր համար ինչ տարբերություն, միշտ իր երեխաներին օգտագործել է PR-ի համար, գոնե այս դեպքում օգուտ կունենանք։ Երբ տեսնում ենք, որ բանակցությունները արդյունք չեն տալիս, մեր կողմը ևս պետք է գերի վերցնի ու փոխանակի», – ասել է Սարգսյանը։–0–

