Ինչ է կատարվում Հայաստանի հարավային սահմաններում. ՊՆ–ի ռեպորտաժը (ՎԻԴԵՈ)

11.12.2020, 18:36
Ինչ է կատարվում Հայաստանի հարավային սահմաններում. ՊՆ–ի ռեպորտաժը. ՎԻԴԵՈ
Ինչ է կատարվում Հայաստանի հարավային սահմաններում. ՊՆ–ի ռեպորտաժը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանությն նախարարությունը հրապարակել է ռեպորտաժ երկրի հարավային սահմաններում տիրող իրավիճակի մասին։

«Այս տարածքները մերն են, մեր պահուստային հողերն են։ 36 հեկտար, որը որ իրենց (ադրբեջանական կողմի, խմբգր.) GPS–ով է, ասում են, որ իրենցն է, 9 հեկտար էլ սեփականաշնորհված հողեր են։ Հիմա մենք վեճ ունենք», – ասում է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Նա պատմում է, որ Բաքվից եկել են գեներալներ, ասել են, որ սա իրենց հողն է։

ՊՆ–ից նշում են, որ բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերին ներկա է եղել գեներալ–մայոր Պողոսյանը։ Ադրբեջանական գեներալի հետ իրավիճակը քննարկել է Հարավային զորամիավորման հրամանատարը։

«Միայն առաջին օրը, որ ադրբեջանցին մոտեցել ա, այդ պահին տեղում չենք եղել։ Հաջորդ երկու բանակցությունները վարել ենք մենք», – նշում է գեներալ–մայորը։

Ռեպորտաժի հեղինակները նշում են, որ անհամաձայնության պատճառը 80–ականների քարտեզներն են, որով գծվել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը։

«Այդ հարցում անհամաձայնություն չկա, պարզապես հայկական կողմն այդ ուղղությամբ մի փոքր առաջ է դիրքավորվել, ժամանակավոր հենակետ տեղադրել։ Այսինքն վիճելի գոտին հիմնական քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության տարածք չէ», – նշվում է ՊՆ–ի ռեպորտաժում։

Գեներալ–մայոր Պողոսյանի խոսքով, չկա մի հատ տեղ, մի հատ հենակետ, որտեղից մենք հետ ենք գնացել։

«Կամ նստած ենք պետական սահմանում, կամ մի քիչ առաջ։ Նույնն էլ իրանք. չկա մի հատ հենակետ, որտեղ հակառակորդը մտած լինի մեր պետական սահմանից մի մետր դեպի մեր տարածքները», – ասում է գեներալ–մայորը։

Համայնքների դժգոհությունն ու բողոքը հայկական բանակի տիրույթում չէ։ Դիմել են, որպեսզի կառավարությունը, մասնավորապես, Կադաստրի կոմիտեն պարզաբանի` ինչու այդ հատվածը մերը չի եղել, բայց սեփականության վկայականներ են տրամադրել։

Հիշեցնենք, որ օրերս անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով վերջերս դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ–ում հայտարարել է, որ իրեն են դիմել Սյունիքի մարզի Արավուս համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք տեղեկացրել են, որ ադրբեջանցիներն իրենցից խլում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող համայնքի պահուստային ֆոնդի հողերը։

«Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 hա հողատարածք սեփականաշնորհված է, քաղաքացիներն ունեն սեփականության վկայականներ, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից», – ասել է Թովմասյանը` հավելելով, որ խոսքը վարելահողերի մասին է։-0-