Հայաստանի և Ադրբեջանի միջև ֆիքսված սահման չկա, Սյունիքի տարածքները հանձնվում են ադրբեջանցիներին. Թագուհի Թովմասյան

08.12.2020, 21:34
Թագուհի Թովմասյանը նշել է, որ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ֆիքսված սահման չկա, Սյունիքի տարածքները հանձնվում են ադրբեջանցիներին. Թագուհի Թովմասյան
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով վերջերս դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ–ում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ֆիքսված սահման։

«Այս պահին պետք է փաստենք. մենք չունենք ֆիքսված սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինձ դրանում վստահեցրել են ԱԳՆ–ում։ Եվ դեռ երկար ժամանակ իրավիճակն այսպիսին է լինելու։ Եվ դժվար է ասել, թե որքան պետք է մեր սահմանամերձ շրջանների բնակիչներն անձամբ բանակցություններ վարեն ադրբեջանցիների հետ, որքան պետք է ձևավորվեն կամավորական ջոկատներ և պաշտպանեն իրենց բնակավայրերի սահմանները», – ասել է պատգամավորը։

Նա տեղեկացրել է, որ իրեն են դիմել Սյունիքի մարզի Արավուս համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք տեղեկացրել են, որ ադրբեջանցիներն իրենցից խլում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող համայնքի պահուստային ֆոնդի հողերը։

Загружается новость ... "Право"

«Գյուղի 8 տասնյակ կամավորները, որոնք պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող իրենց հողատարածքներից», – ասել է Թովմասյանը։

Նա նշել է, որ Սյունիքի փոխմարզպետն ասել է, որ գյուղի հատվածում հայկական կողմից տարածքներ չեն զիջվել:

«Իհարկե հաճելի է լսել, որ պետական սահմանից մի մետր անգամ չենք զիջել, բայց իրականությունն ու պաշտոնյաների հերքումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 hա հողատարածք սեփականաշնորհված է, քաղաքացիներն ունեն սեփականության վկայականներ, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից», – ասել է Թովմասյանը` հավելելով, որ խոսքը վարելահողերի մասին է։

Թովմասյանը նաև նշել է, որ սահմանների բաժանման հարցով կոչված են զբաղվելու ԱԳՆ-ն ու ՊՆ-ն, երկուսն էլ այս փուլում իրենց գործառույթներն ամբողջությամբ չեն իրականացնում:–0–