Գրանցվել է 3 քաղաքացիական ուղղաթիռ, երկու Cessna օդանավ և մեկ օդապարիկ. Ռևազյանը` փոքր ավիացիայի ձեռքբերումների մասին

03.09.2019, 20:18
Գրանցվել է 3 քաղաքացիական ուղղաթիռ, երկու Cessna օդանավ և մեկ օդապարիկ. Ռևազյանը` փոքր ավիացիայի ձեռքբերումների մասին:
Գրանցվել է 3 քաղաքացիական ուղղաթիռ, երկու Cessna օդանավ և մեկ օդապարիկ. Ռևազյանը` փոքր ավիացիայի ձեռքբերումների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մասնավոր հատվածի ակտիվ գործունեությունը նպաստել է Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման առաջին հաջողություններին, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

«Սա ամբողջովին նոր ոլորտ է Հայաստանի համար, շատ խնդիրներ կան։ Սակայն ամեն ինչ կախված է ոլորտի վրա աշխատող մարդկանց նպատակասլացությունից։ Մեկ տարում մենք գրանցեցինք առաջին հաջողությունները, որոնք կապված են մասնավոր հատվածի ակտիվ գործունեության հետ», – ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով, 2018–2019թթ.–ին գրանցվել է 3 քաղաքացիական ուղղաթիռ, երկու Cessna օդանավ և մեկ օդապարիկ։

Ինչպես նշեց Ռևազյանը, Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման գործընթացը կարող է արագանալ սքայդայվինգի ներդրման շնորհիվ, որը կներգրավի ոչ միայն ներդրողների, այլև աէրոտուրիզմի սիրահարների։

«Իհարկե դեռ վաղ է խոսել կոմերցիոն թռիչքների մասին, այդուհանդերձ Հայաստանում փոքր ավիացիայի օդանավերի հայտնվելն ինքնին վկայում է նոր հնարավորությունների մասին այդ ոլորտի զարգացման համար», – ասաց Ռևազյանը։

Նա փոքր ավիացիայի զարգացման համար կարևոր քայլ համարեց նաև «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանում թռիչքուղիների շահագործման գների էական նվազումը և թռիչքների արտոնագրումը։ 

«Փոքր ավիացիայի զարգացման համար նախատեսում ենք նվազեցնել փոքր օդանավակայանների սակագներն ընդհուպ մինչև 75%», – ընդգծեց Ռևազյանը։

Թռիչքների անվտանգության տեսչության ղեկավար Կարեն Գյուրջյանն իր հերթին նշեց, որ փոքր ավիացիայի զարգացմանը կարող է նպաստել Cessna թեթև շարժիչ ունեցող ինքնաթիռներով ուսումնական թռիչքների պրակտիկայի ներդրումը, որոնք սկզբնական շրջանում կիրականացնի «Սքայ Քլաբ Արմենիա» ընկերությունը։

«Այս պահին մեկ Cessna օդանավ գրանցվել է որպես մասնավոր։ Ուսումնական պրոցեսի ներդրման մասին դեռ չի խոսվում, քանի որ հարկավոր է համապատասխան թույլտվություն», – ընդգծեց նա։ 

Կարեն Գյուրջյանի խոսքով, «Սքայ Քլաբ Արմենիա» ընկերության գործունեությունն ու նրա օդաչուների արտոնագրումը կխրախուսի, որպեսզի այլ ընկերություններ ևս դուրս գան տեղական շուկա, ինչը կակտիվացնի Հայաստանի փոքր ավիացիայի ոլորտը։–0–