Կասկադը՝ նորովի․ երևանցիներին առաջարկվում է արդիականացման երկու տարբերակ

03.09.2024, 14:56
Երևանի քաղաքապետարանը երևանցիներին առաջարկել է ընտրել «Կասկադ» համալիրի արդիականացման երկու տարբերակներից մեկը
Կասկադը՝ նորովի․ երևանցիներին առաջարկվում է արդիականացման երկու տարբերակ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին առաջարկել է ընտրել «Կասկադ» համալիրի արդիականացման երկու տարբերակներից մեկը։ Երևանի սրտում գտնվող «Կասկադ» համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։

Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ Ստորև ներկայացված տարբերակների օգտին կարելի է քվեարկել Active Citizen հարթակում՝ հետևյալ հղումով։

1․ Կասկադ այգիներ

Ներկայիս Կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է ներկայացվող ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգում։ Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։

Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։

Թանգարանի կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապվելու է Հայաստանի կարևոր խորհրդանիշներին՝ այցելուներին փոխհարաբերության մեջ դնելով շրջակա լանդշաֆտի խորհրդանշական տարրերի հետ՝ ներառելով Հայաստանի պատմությունը համալիրի փորձառության մեջ:

2․ Կասկադ մշակութային հանգույց

«Նոր Կասկադ» նախագիծը, ներկայիս Կասկադի գագաթին վեր խոյացած, տեկտոնական սալերից կազմված, վերացական Կասկադ ձևավորող մի եզակի կառուցվածք է ներկայացնում: Հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարքը, կարծես թե, Կասկադի վերևում հորիզոնական գծերի թեթև խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը և նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին:

Նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը: «Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով,  սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ:

Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ: Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար: