Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել

09.04.2021, 18:50
Ալեն Սիմոնյանն ասաց, գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե երեկ գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել։

«Ուղղակի հույս է եղել ինչպես ամեն օր, որ թռիչքն իր հետ լավ լուր կբերի ու մենք կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստան», - «Ազատության» եթերում ասել է Սիմոնյանը, հայտնում է aysor.am–ը։

Նա նշել է, թե պետք է ապատեղեկատվության համար իրենք ներողություն խնդրեն քաղաքացիներից, գերիների ծնողներից, որ նման ցնցումների են ենթարկել ու ենթարկվել։

«Եղել է դեզինֆորմացիա, որի համար ես ներողություն եմ խնդրում», - ասել է ԱԺ փոխնախագահը։

Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Հայաստանում տիրող վրդովմունքն էլ ավելի խորացնելու համար։

«Ես վստահ եմ, որ հիմա տարբեր շահարկումներ են գնում, տարբեր գործընկերներ սա փորձում են ամեն ձև շահարկել, որը հասկանում եմ», - ասել է նա։

Ապրիլի 8–ից անհետ կորածների և գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ–ի շենքի մոտ։ Նրանք փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին մտնել ՊՆ–ի տարածք` պահանջելով լուծել իրենց հարազատների հետ կապված հարցերը։ ՊՆ–ին արդեն երկու անգամ ուղղաթիռ է մոտեցել։

Նախօրեին ակցիայի մասնակիցներին առաջարկել են կազմել մի քանի հոգանոց խմբեր, որոնց կընդունի նախարարը, սակայն նրանք չեն համաձայնվել և պահանջում են, որպեսզի նախարարը կամ ԳՇ պետն անձամբ դուրս գան իրենց մոտ։

Նշենք, որ նախօրեին հայ գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ` սպասելով Բաքվից ժամանող օդանավին, որով պետք է Հայրենիք վերադառնային Ադրբեջանում գտնվող հայ գերիները։ Բայց նրանք չվերադարձան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն տարածեց`նշելով, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։–0–